Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։