Կառավարության շենքում տեղի է ունեցել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո կիրանցիներից մեկն ասել է, որ դժգոհ է արդյունքներից և ոչինչ չի փոխվել։
Բնակիչներից մեկը լրագրղներին ասել է, որ ոչ մի նոր բան չկա։ «Այդ մարդիկ այնտեղ չեն ապրելու»,- նշել է բնակչուհին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։
«Որ սահմանաապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»,- վարչապետի խոսքերն է մեջբերել պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին ու շոկի մեջ են։ Բացի դրանից, կիրանցիների արած ողջամիտ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։
Վարչապետը նաև ասել է, որ խորհրդային ժամանակներում արված սահմանազատումը հիմք չեն ընդունելու, և սահմանը կարող է անցնել նույնիսկ գյուղի միջով։
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում «Կամք» նախաձեռնությունը՝ կոչ անելով միանալ վարչապետին հեռացնելու պայքարին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։
Մանրամասները՝ տեսանյութում։