Մենք գծում ենք մեր պետական սահմանը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով Տավուշի մարզից տարածքներ զիջելու մասին հարցին։
«Մենք ստանում ենք սահման։ Եթե որևէ մեկն ասի, որ սահմանն ավելի նվազ անվտանգային գիծ է, քան շփման գիծը, ապա ես կասեմ, որ շփման գիծ խախտելը շատ ավելի հեշտ է, քան սահման խախտելը»,- ասել է նա։
Այդուհանդերձ, Եղոյանը չի պատասխանել «դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց» հարցին։
Անդրադառնալով ՀՀ-ին պատկանող տարածքներից ադրբեջանցիների միաժամանակյա հետքաշման մասին հարցին՝ պատգամավորն ասել է, որ ադրբեջանական կողմի մոտ այդպիսի ընկալում կա, որ 1988թ․ քարտեզով ՀՀ-ին պատկանող տարածքները պատկանում են հայկական կողմին։
Կիրանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր երաշխավորել նրանց անվտանգությունը։ «Որ սահմանաապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»,- վարչապետի խոսքերն է մեջբերել պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։