Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, իսկ վարչապետը նշել է, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։
«Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել էր, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։ Նրա խոսքով՝ մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին ու շոկի մեջ են։ Բացի դրանից, կիրանցիների արած ողջամիտ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։ Բնակիչներից մեկը լրագրղներին ասել է, որ ոչ մի նոր բան չկա։ «Այդ մարդիկ այնտեղ չեն ապրելու»,- նշել է բնակչուհին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին տարածվել էին նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։