Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասված է գրառման մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։