Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույցի ընթացքում զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար, հայտնում է ՀԱԵ Կիլիկիո Կաթողիկոսության մամլո ծառայությունը։
Նշում են, որ կաթողիկոսները քննարկել են Հայաստանի ներկա խնդիրներն ու մարտահրավերները։ «Վեհափառ հայրապետները վերաշեշտեցին ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը, և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կաթողիկոսները նաև ընդգծել են ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հատկապես ներկա տագնապալից օրերում:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։