Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին մեղադրել է Հայաստանը փրկելու ցանկություն չունենալու մեջ, գրել է «Հրապարակ»-ը։ Կառավարության ղեկավարի հանդիպումը տավուշցիների հետ տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։
Թերթի տեղեկություններով՝ վարչապետը կիրանցիներին ամոթանք է տվել, որ «չեն ուզում մի կտոր հող զիջել ողջ Հայաստանը փրկելու, պատերազմը կանխելու համար»։ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումն իրականացվում է հանուն Հայաստանի անկախության և գոյության։
«Հրապարակ»-ը հավելել է, որ վարչապետը կիրանցիներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ դիմադրությունը։ Կիրանցիները նշել են, որ տան դիմաց տանկ կկանգնեցնեն կամ կվառեն տները, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի։ Փաշինյանն, իր հերթին, ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեն՝ ոչինչ չեն կարող փոխել։
Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում գյուղացիները տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից։
«Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաև՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզներն ստանալուց հետո են դա իմացել»,- գրել է թերթը։
ՀՀ վարչապետը, ըստ «Հրապարակ»-ի, փորձել է կիրանցիներին հանել ճանապարհը փակող համագյուղացիների և նրանց պարբերաբար այցելող, աջակցություն ցուցաբերող հասարակական գործիչների դեմ։
«Միևնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը»,- նշել է թերթը։
Կիրանցիները Տավուշ վերադառնալուց հետո քննարկել են Փաշինյանի հետ հանդիպումը և որոշել, որ շարունակելու են իրենց դիմադրությունը։ Քննարկվել է փակել ոչ միայն մայրուղիները, այլև դաշտային ճանապարհները, որպեսզի թաքուն սյուներ տեղադրող և քարտեզագրման աշխատանքներ կատարող մասնագետների մուտքը փակվի։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարութունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։