Մայիսի 1-ին տեղի է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո նա լրագրողներին հայտնել է, որ օգոստոսին պատրաստվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժում սկսել:
«Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել։ Գործընթացն այնպես կտանենք, որ իրենք չեն կարողանա բարձրացնել սակագինը։ Իսկ եթե ժողովուրդը հաշտ է այս որոշման հետ, ոչինչ չի ստացվի»,- նշել է Մարությանը։
Նա ընդգծել է, որ նորաստեղծ կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի։
Մարությանը հավելել է, որ Տավուշի շուրջ խնդիրը չպետք է տարանջատել ընդհանուր խնդիրներից։
«Տավուշից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու, Տավուշով ամեն ինչ չի վերջանալու։ Սա նշանակում է, որ հարցը պետք է գլոբալ լուծվի։ Այս իշխանությունը Հայաստանի համար կարևոր հարցերով զբաղվելու լեգիտիմություն այլև չունի»,- ասել է նախկին քաղաքապետը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։