ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին մասին ԶԼՄ-ի լուրը: Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Ավանեսյանը շուտով կազատվի պաշտոնից՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին։
«Պատճառն առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ»,- նշում է հրատարակությունը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Armenia Today-ին ասաց, որ նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից նույնպես հայտնեցին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։
Ապրիլի 16-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել Առողջապահության նախարարությունում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում, Armenia Today-ին ասել էր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարարությունում խուզարկությունները կապված են առողջապահության ոլորտում պետական պատվերների բաշխման հետ և հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավետիսյանին։ Աբրահամյանը, սակայն, Armenia Today-ին հայտնել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։