Հայաստանի կառավարությունը դիմել է բրիտանական Sanctuary Counsel խորհրդատվական ընկերությանը՝ բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապեր փնտրելու համար, գրում է Intelligence Online ֆրանսիական հրատարակությունը։
«Ռիչարդ Դաննատը, ով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի պաշտպանության գծով խորհրդականն էր, մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է և Երևանին Լոնդոնի հետ սերտ հարաբերություններ հաստատելու խորհրդատվություն է տալիս»,-գրում է թերթը։
Դաննատի հետ միասին ընկերությունում աշխատում է Քեմերոնի մեկ այլ նախկին խորհրդական՝ բարոն Էնդրյու Կուպերը, ավելացրել է Intelligence Online-ը։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանի իշխանություններն օգտվում են նաև բրյուսելյան Rasmussen Global խորհրդատվական ընկերության ծառայություններից, որը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանում է Հայաստանի շահերը Եվրոպայում։
2023 թվականի նոյեմբերին Լոնդոնում կայացել էին հայ-բրիտանական վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որոնց արդյունքում կողմերն ստորագրել էին 2023-2024 թթ.պաշտպանական համագործակցության ծրագիր։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին մարտին խոստացել էր աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման պատճառով ռուսական սպառնալիքների դեպքում։ Ապրիլին The Times-ը հայտնել էր Բրիտանիայի և Հայաստանի միջև հանրապետություն անօրինական ներգաղթյալներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին։
Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը 2023 թվականի դեկտեմբերին Armenia Today-ին մեկնաբանել էր Միացյալ Թագավորության հետ Հայաստանի շփումների ակտիվացման հարցը և դա կապել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության հետ։ Ավելին՝ մեր նյութում։