ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը։
Կուլեբան X-ի միկրոբլոգի իր էջում հայտնել է, որ Միրզոյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Ուկրաինացի նախարարը նշել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը։
Կուլեբայի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել արտաքին գերատեսչությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Դեկտեմբերին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Բուենոս Այրեսում հանդիպել էր Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել Երևանի և Կիևի երկկողմ հարաբերությունները։