ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ քառօրյա նիստերից առաջ խմբակցության փակ նիստ են անցկացրել, որին մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
«Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում»,- գրել է թերթը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը թերթին հայտնել է, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին, որտեղ և քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։