ՀՀ քաղաքացիների 23,4 տոկոսը դուրս կգա փողոցային պայքարի, եթե ՀՀ նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։ Հարցումն իրականացվել է ապրիլի 22-25-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։
Քաղաքացիների 22,5 տոկոսը պատասխանել է, որ փողոցային պայքարի դուրս կգա, եթե պատերազմի վտանգ լինի, 13,7 տոկոսը՝ եթե ուժեղ կամային հատկանիշներով օժտված լիդեր հայտնվի, 10,4 տոկոսը՝ եթե իշխանափոխության հստակ ծրագրով ու օրակարգով քաղաքական ուժ հայտնվի, 4,5 տոկոսը պատրաստ է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման դեմ դուրս գալ, 3,2 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Ըստ մեկ այլ հարցման՝ ՀՀ քաղաքացիների 75,7 տոկոսը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունն ու անվտանգությունը։
Ըստ հարցման տվյալների՝ հարցված քաղաքացիների 6,2 տոկոսը միանշանակ պատրաստ է ադրբեջանի հետ համակեցության, 9,6 տոկոսը ավելի շուտ պատրաստ է, 6,1 տոկոսը ավելի շուտ պատրաստ չէ, 2,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցվողների 36, 8 տոկոսը հայտնել է, որ ոչ մի դեպքում փողոցային պայքարի դուրս չի գա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։