Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլում ակնկալում են, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել, հայտնել Է РИА Новости-ին ՌԴ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
«Ինչպես սպասվում է, երկկողմ շփումը բավական բովանդակալից կլինի, քանի որ քննարկման համար շատ հարցեր են կուտակվել»,- հավելել Է Ուշակովը:
Փաշինյանին սպասում են Մոսկվայում՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Դրանից [Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից] հետո երկկողմ հանդիպում կանցկացվի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է նա լրագրողներին:
Մայիսի 6-ին հայտնի էր դարձել, որ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանը «ոչ մի սխալ քայլ» չի արել Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն պնդել էր, որ «հակառակ դեպքերը բազմաթիվ են»։