Տավուշում սահմանազատման գործընթացը կասեցնելու դեպքում պատերազմ է սկսվելու, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի եպիսկոպոսներ, հարգելի Վեհափառ, լրագրողներ, լավ, որ ասում եք այսօր ցերեկվանից եկեք կասեցնենք գործընթացը, բայց ի՞նչ է լինելու դրանից հետո։ Լինելու է մի պարզ բան՝ պատերազմ է սկսվելու»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ սահմանազատման «գործընթացին գնացել են պատերազմը դելեգիտիմացնելու համար»։ Ըստ Փաշինյանի՝ գործընթացը «Տավուշից սկսելն անվտանգության երաշխիքներ ստեղծելու և պատերազմը բացառելու համար է»։
«Երբ գործընթացը հասնի իր ավարտին, այն ինքնին անվտանգության երաշխիք է լինելու»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են։
«Մենք ամեն ինչ անելու ենք անվտանգության երաշխիքների այդ սյուներն ուժեղացնելու և շատացնելու համար»,- հավելել է նա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է։
«Որքան գործընթացն առաջ է գնում, ավելի է ամրանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգության երաշխիքներ, և պատերազմը զրկվում է հիմքից, դառնում է անտրամաբանական, ոչ լեգիտիմ»,- շեշտել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ «սահմանազատման գործընթացում իշխանությունը ժողովրդից ոչինչ չի թաքցնում»։ Նրա խոսքով՝ Կիրանցում 12 սահմանային կետ կա։
«Այս պահի դրությամբ Կիրանցի սահմանային 8 կետը որոշված է, այդ հատվածում սյուները տեղադրված են։ Կա 3 կետ, որոնք առավել զգայուն են, որոնց վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարավի, սանտիմետրերը պետք է ճշգրիտ արտահայտենք»,- հավելել է նա։
Փաշինյանը խոսել է նաև խաղաղության պայմանագրի՝ մինչև նոյեմբեր ստորագրելու հնարավորության մասին, ինչի վերաբերյալ խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, որի համար պետք է բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում»,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութերում։