ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա այսօր Մոսկվայում, անհրաժեշտ և սպասված է երկուստեք, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է նաև երկկողմ առանձին հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված է երկուստեք»,- ասել է նա։
Պեսկովը մեկնաբանել է նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը։
«Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է ընթանում, այն մասնակից երկրների համար ապահովում է արագ զարգացում, և դա գիտեն մասնակից երկրները։ Իհարկե, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ ու շատ նկատելի է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այս ասոցիացիան։
Մայիսի 6-ին Կրեմլը հայտնել էր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման օրը։ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հանդիպումը շատ բովանդակալից է լինելու, քանի որ կողմերը քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն։ Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան մեկնել է Մոսկվա, որտեղ նրա նախագահությամբ կանցկացվի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։