Տավուշի բանակային ստորաբաժանման որոշ սակրավորներ հրաժարվել են մասնակցել Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես՝ ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր ազբյուրներին:
«Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, և ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել»,- գրել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։
Թերթը հավելել է, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց և ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։