Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ և մեղադրել նրան այդ հանցագործությունը ժխտելու մեջ։
«Թեև մենք ընդհանրապես չենք միջամտում պետությունների ներքին գործերին, եթե չկա ցեղասպանության ներքին վտանգ, պետք է մատնանշենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող խնդիրները, որոնք հակասում են ցեղասպանության ճանաչման, կանխարգելման հիմնարար սկզբունքներին և անմիջականորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը «տարակուսած և տագնապած է» այս հայտարարություններից։ Ընդգծվում է, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ վարչապետը «ըստ էության մեղադրում է զոհերին՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել ցեղասպանության հանցագործության գործում Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը»։ Ինստիտուտը նշել է, որ իր հայտարարության մեջ վարչապետը փորձում է «ջնջել Թուրքիայից և Ադրբեջանից բխող սպառնալիքները՝ դրանք վերաիմաստավորելով որպես հայ հասարակության մեջ տրավմայի պատճառած անհիմն վախեր»։
Կազմակերպության համար ամենաուշագրավն ագրեսորների մասին որևէ հիշատակման բացակայությունն էր և սեփական ժողովրդին ուղղված հայտարարությունն այն մասին, որ նրանք դարձել են «աշխարհաքաղաքական ինտրիգների և կեղծ խոստումների զոհ»։
«Այս հայտարարությունը կարծես թե պնդում է, որ հայերը խորհրդավոր կերպով փրկվել են ցեղասպանությունից՝ սեփական անխոհեմության պատճառով: Պնդելով, որ հայերը եղել են բացառապես «աշխարհաքաղաքական ինտրիգների և կեղծ խոստումների զոհ»՝ Փաշինյանը նաև անտեսում է Օսմանյան կայսրության տակ գտնվող հայերի երկարաժամկետ պատմական ճնշումը, ինչպես նաև ցեղասպանության ժամանակ իշխող «Միություն և առաջադիմություն» խուսակցության ներկայացուցիչների շրջանում հայերի հանդեպ խորը և անթաքույց արհամարհանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Ինստիտուտը նաև նշել է Փաշինյանի «ակնհայտ համաձայնությունը» Թուրքիայի և Ադրբեջանի առանցքային թեզերի հետ՝ ուղղված Ցեղասպանության ժխտմանը, ինչպես նաև վարչապետի աջակցությունն այդ երկրների հայտարարություններին, թե Հայաստանը խոչընդոտ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Ըստ կազմակերպության՝ Հայաստանի վարչապետի թեզերը կրկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, որն արդարացնում է ջարդերը «արտաքին զավթիչների գրոհի և անկախության համար ներքին ազգայնական շարժումների դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ։
Փաշինյանը փորձում է ապացուցել, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից միայն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս էքսպանսիոնիստական ծրագրերին, կարծում է ինստիտուտը։
«Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների մասին թուրքական տեսակետը՝ Հայաստանի վարչապետը Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ նսեմացնելով այն ճանաչելու նախկին բոլոր ջանքերը։ Բացի այդ, դա կարող է զգալիորեն խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու շարունակական աշխատանքին, ինչի համար պայքարում են աշխարհասփյուռ հայկական սփյուռքը, ինչպես նաև ցեղասպանագետներն ու ակտիվիստները»,- ասվում է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտին անհանգստացրել են նաև ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերը հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությանը որպես «ավետյաց երկիր» վերաբերվելու անհրաժեշտության մասին, որը, ըստ ինստիտուտի, անտեսում է հայերի հազարամյա ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և Արցախում։
Ինստիտուտը քննադատել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության ճանաչման «իրական հիմքերը» հավաքելու նպատակով զոհերի անունների ցուցակներ ստեղծելու առաջարկը։ Նշվում է, որ այս հայտարարությունն անհանգստացրել է Հայոց ցեղասպանություն ուսումնասիրողներին, քանի որ Թուրքիան 1960-ականներից պահանջում էր նման ցուցակ ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր փորձերի շրջանակներում։
«Զոհերի վերաբերյալ ամբողջական տվյալներ ձեռք բերելը զգալի դժվարություններ է ներկայացնում, առաջին հերթին, պայմանավորված բազմաթիվ անձանց պաշտոնական և ամբողջական փաստաթղթերի բացակայության պատճառով, ովքեր անկասկած մահացել են: Այս խնդրին ավելանում է Օսմանյան կայսրության պատմական պրակտիկան, որը հաճախ անտեսում էր էթնիկ փոքրամասնություններին վերաբերող տվյալները: Թուրքիայում պատմական տվյալների ոչնչացումը և արխիվների կեղծումը ավելի են խորացնում խնդիրը՝ դժվարացնելով ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ինստիտուտն ընդգծել է, որ զոհերի թիվը «չի փոխի Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու փաստը»։
Նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության դեպքը միակը չէ, որտեղ զոհերի անունների ամբողջական ցուցակ կազմելն անհնար է, մասնավորապես, Հոլոքոստի զոհերի ճշգրիտ թվի վերաբերյալ դեռևս զգալի տարաձայնություններ կան։
Հայաստանի վարչապետն ապրիլի 24-ի իր ուղերձում կոչ էր արել հայ ժողովրդին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել են այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։ «Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»,- ասվում էր հայտարարության մեջ։
Մայիսի 7-ին վարչապետը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կառավարության օրակարգում չկա Հայոց ցեղասպանության զոհերի անվանացուցակ կազմելու հարց։