ՔԿ-ն պարզել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատարը հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ վարած քաղաքացու ինքնությունը և ստորագրությամբ բաց թողել նրան, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: ՔԿ-ն հայտնել է, որ քաղաքացին Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է, ով ի սկզբանե տեղյակ լինելով հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին՝ մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում իր բեռնատաը վարել է Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված։
Չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել հրապարակ:
Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել էր ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները շրջապատել էին մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս էին բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրել էին անգործության մեջ։
Armenia Today-ի աղբյուրները մանրամասներ էին հայտնել վարորդի մասին։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի վարորդն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ 2018 թվականի գարնանը նա բեռնատարով մասնակցել էր այն բողոքի ակցիաներին, որոնք հանգեցրել էին Հայաստանում իշխանափոխության։