Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ Բորջն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:
Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Մայիսի 13-ին տեղի էր ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան ժամանած Իեն Բորջի ասուլիսը։ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը։ Բորջն ընդգծել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքներն արժեքավոր են խաղաղության ճանապարհին։