Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
Գերատեսչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է:
Մայիսի 13-ին կառավարությունը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն․ որտեղ մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ։