Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագիծը, տեղեկանցում է Sputnik․ge-ն։
Ըստ լրատվականի՝ նախագծին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։
Օրինագիծը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագիր։
Նշենք, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրինագծի վրա, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն չեղարկել։
Օրինագծի քննարկումը տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և օրենքին դեմ հանդես եկող ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ցույցերի և ծեծկռտուքի ֆոնին։ Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ, կրկին հավաքվել են ցուցարարներ՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այն դասում է Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է նրան և խոչընդոտում է երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր օրինագիծը։
Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ պաշտպանել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի քննարկմանը զուգահեռ՝ տեղի էին ունեցել ակցիաներ, որոնց ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ էին կիրառել։