ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակներում տեղի ունեցած «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը մեկնաբանել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին հարցը:
«Ո՞ր թվականին: Ա՛յս»,- այսպես է նա պատասխանել մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցին՝ եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կուզենար, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ:
Փաշինյանը հավելել է, որ Երևանը սպասում Է ՀՀ-ին Եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը և հույս է հայտնել, որ վիզաների ազատականացման բանակցություններում դրական արդյունք կլինի։
«Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները։ Նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը»,- նշել է նա։
Վարչապետը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատրաստակամությունը։
«Շատ կարևոր է, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ–ի ու ԱՄՆ–ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար»,- հավելել է նա։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն կդիտարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։
2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։ Ապրիլի 4-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։