Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Սարգիս Խանդանյանն Ազգային ժողովում արձագաքել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակին՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։
Նամակը Կարասինն ուղարկել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարականով։ Վերջինս հանձնարարել էր հարցում ուղարկել ՀՀ ԱԺ այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
Խանդանյանը խոսել է ռուսական կողմի նամակի բովանդակության մասին՝ նշելով, որ հարկ չեն համարել նամակում պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կիսո՞ւմ են խորհրդարանի խոսնակի տեսակետը։
«Ռուսական կողմը նամակում նշել էր՝ Ազգային ժողովը կիսո՞ւմ է արդյոք ԱԺ նախագահի ելույթում հնչած թեզերը։ Ես անտրամաբանական եմ համարել այդ հարցին պատասխանելը, քանի որ երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի ԱԺ-ն, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այդ հարցի պատասխանն է՝ այո՛։ Այն, ինչ հնչեցրել է ԱԺ նախագահը, ներկայացնում է առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը։ Բացի այդ, իմ պատասխան նամակում նշել եմ, թե որոնք են այն սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից»,- նշել է Խանդանյանը։
Պատգամավորը պատասխան նամակում նաև մտահոգություններ է հայտնել։
«Մտահոգություններ եմ հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի մի շարք պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից»,- հավելել է պատգամավորը։
Ապրիլի 24-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մատվիենկոն Սիմոնյանի ելույթը «ռուսատյաց, հակառուսական» է որակել, որից հետո ՀՀ ԱԺ-ին գրավոր հարցում ուղարկելու հանձնարարական է տվել։