ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան նախատեսված այցի մասին լուրը, որը, ըստ ԶԼՄ-ների, պետք է տեղի ունենար նախագահի և իր գլխավորած պատվիրակության զոհվելու օրը՝ մայիսի 19-ին։
«Ռայիսին մայիսի 19-ին ծրագրել էր այցելել Հայաստան, որը վերջին պահին հետաձգվել է»,- հայտնել էր ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սպասվում էր, որ Ռայիսին մասնակցելու էր Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը, գրել էր աղբյուրը։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են լուրը։
«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի,Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։