Մայիսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը,
հայտնել է «Հայկական ժամանակ»-ը։
Ըստ լրատվականի՝ ճանապարհները մեծ բեռնատարների համար առավել երթևեկելի դարձնելու համար կիրականացվեն լայնացման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսված է 2 ամսից։
Լրատվականը նշել է, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները մոտենում են ավարտին։
«Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացն իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը»,- ասված է հրապարակման մեջ։
Նշենք, որ Կիրանց մուտքը ոչ գյուղաբնակների համար ժամանակավորապես փակ է։ Տեղում գյուղ տանող ճանապարհի վրա հսկողություն իրականացնող ոստիկանները գյուղ գնալ ցանկացող Բագրատ Սրբազանին հայտնել են, որ դեպի համայնք մուտքը փակ է իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին
սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին
հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ
փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։