Մայիսի 19-ին մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատաազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա կից հրապարակել է ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքից տեսանյութ։
Հարությունյանը նշել է, որ ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար:
Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտություն առաջացել էր սահմանազատման հետևանքով, որի արդյունքում Կիրանցի ներկայիս ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։