Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 22-ին հայտարարել են Պաղեստինը ճանաչելու մասին, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություններին։
Առաջինը Նորվեգիայի կառավարությունն է հայտարարել Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին, հայտնում է NRK հեռուստաալիքը: Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ և նշել, որ Պաղեստինը ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից:
«Պաղեստինի ճանաչումից հետո կկարողանանք խրախուսել մյուս երկրներին աջակցել պաղեստինյան պետության կառուցմանը»,- հայտարարել է Ստերեն:
Ավելի ուշ Associated Press-ը տեղեկացրել է, որ Իռլանդիան և Իսպանիան ևս ճանաչել են պաղեստինյան պետությունը: Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ այդ քայլը համաձայնեցվել է Իսպանիայի և Նորվեգիայի հետ։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 17-ի դրությամբ գերազանցում է 35 հազարը, Իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 600 իսրայելցի զինծառայող է զոհվել։