Ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԻՀՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամեդ Մոհբերիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունն Իրանում է՝ մասնակցելու ավիավթարի հետևանքով զոհված ԻՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հրաժեշտի վերջին արարողությանը։
«Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլև ջերմ բարեկամական կապեր ունեինք, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա»,- ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի: Մոհբերին վստահեցրել է՝ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, շարունակական բնույթ կկրեն։
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն այս դժվարին օրերին իրենց գոտեպնդում և ուժ է տալիս: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանն այսօր կիսում է իրենց վիշտը:
Մայիսի 22-ին Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել՝ մասնակցելու Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցողների հրաժեշտի արարողությանը։ Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարիի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։
Իրանի նախագահի զոհվելուց հետո, համաձայն ԻՀՀ Սահմանադրության, առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը 50 օր ժամկետով կկատարի նախագահի պարտականությունները։ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական և հասարակական գործիչներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհված պաշտոնյաների հիշատակին։