Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ կայացած Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ, հայտնել է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
Ժողովի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել ՀԱԵ-ին։ Գործող իշխանությունները հրապարակ են նետել «տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը»։
Մայր Աթոռը հերքել է հարկեր չվճարելու մասին մեղադրանքները՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունները։ Եկեղեցին դատապարտել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «անհիմն մեղսագրումները» Հայ եկեղեցու՝ «ազդեցության գործակալ» լինելու մասին։
Եկեղեցին կոչ է արել փոխել նրանց որդեգրած ուղեգիծը։ «Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2018թ․ եկեղեցուն հարկման առաջարկ են արել։ Նա ասել էր, որ եկեղեցուն պաշտոնապես առաջարկել են հարկային համակարգ ներդնել և հավաքագրված ողջ գումարը վերադարձնել եկեղեցուն։ Փաշինյանը եկեղեցուն մեղադրել էր նաև դարեր շարունակ «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ եկեղեցուն հարկելուց առաջ պետք է հատուցման և խորհրդային տարիներին ավերված եկեղեցիների վերականգնման պահանջները լուծել։ Նա մեկնաբանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերը, որ եկեղեցին պետք է հարկվի։ «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք․ այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ասել էր Սիմոնյանը։