Մայիսի 24-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը բխում է ՀՀ կառավարության՝ իրական Հայաստանի ռազմավարությունից։ Նա պատմական ակնարկ է կատարել ու փորձել հիմնավորել պատմական ու իրական Հայաստանի ընկալումների հիմքերը։
«Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է․ այն Հայաստանի, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս»,- ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը Տավուշի 3 գյուղերի (Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս) սահմանազատված հատվածում անցել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի պահպանությանը: Նրա խոսքով՝ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Վարչապետը պատմական ակնարկ է կատարել Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների մասին և խոսել պատմական ու իրական Հայաստանի իր ընկալումներից։
«Պետություն երազելիս՝ մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից. Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական և համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել:
Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, ըստ նրա, չի հաջողվել կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում: Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր և, Փաշինյանի կարծիքով, Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերի շրջանում:
«Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ «հայրենիքում հայրենիք փնտրելու» այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:
Ըստ վարչապետի՝ «հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու» մտածողության պայմաններում է ձևավորվել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որի խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:
«Մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում՝ մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան»,- ուղերձի ժամանակ նշել է նա:
Ըստ կառավարության ղեկավարի՝ հիմա Հայաստանն անցնում է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստանի ճանապարհը, որի «վերջում մեր Ավետյաց երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը»։ Նա ասել է, որ այդ ճանապարհն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ իր առաջ հորիզոն ունի ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, իրական Հայաստան:
«Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ թե՛ 2018 և թե՛ 2021 թվականին ՀՀ քաղաքացիներն իրենց թիմին մանդատ են տվել ապահովելու Հայաստանի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:
«Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը»,- հավելել է նա:
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 1976 թվականի քարտեզներով վերարտադրել են ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ «Մենք ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քառակուսի կմ է, և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ Այն մարդիկ, ովքեր չեն տալիս այս հարցի պատասխանը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են»,- ասել էր վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։