«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարչապետի թեկնածու է առաջադրել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Երևանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է արևելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Նա նշել է, որ այս որոշումն ընդունվել է բոլոր ոլորտների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։
«Բոլոր հանդիպումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը միակարծիք է, որ այդ անձը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,- ասել է Մելիքյանը։
Հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրել է ժամանակավոր կառավարության վարչապետի աշխատանքի ուղղություններն այն բանից հետո, երբ շարժումը հասնի Փաշինյանի հրաժարականին։
Նա նշել է, որ հանրահավաքն ազդարարում է սրբազան պայքարի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երրորդ և վճռական փուլի մասին: Նա հավելել է, որ այս հանրահավաքին կհայտարարվեն կոնկրետ նպատակները և կներկայացվի վարչապետի թեկնածուն, որը, ինչպես նախկինում ասել է, չպետք է ներկայացնի որևէ քաղաքական ուժի և կստանձնի ժամանակավոր կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը։
«Ես գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել, դուք անընդհատ պահանջել եք նոր կառավարության վարչապետի թեկնածուի և նոր կառավարության մասին։ Ինչպես նշել եմ նախորդ անգամ, այդ թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ, պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն՝ ձևավորելով բոլոր ունակների կառավարությունն իրենց մասնագիտական վաստակով, հմտություններով, գիտելիքներով, արհեստավարժությամբ, հայրենասեր և աստվածասեր լինելով», – հայտարարել է նա։
Գալստանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարության վարչապետը (Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո) պետք է աշխատի երեք ուղղությամբ՝ ունենալով հստակ օրակարգ: Այդ երեք ուղղությունները, ըստ Գալստանյանի, պետք է նպաստեն ներքին հաշտությանը հասնելուն, և այն պետք է հիմնված լինի արդարության և արդարադատության վրա՝ առաջնորդվելով արտաքին հարաբերություններում առանց հակաների քաղաքականության։
Գալստանյանը հավելել է, որ վարչապետը պետք է շարունակի խաղաղ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, ներառյալ՝ բանակցություններում արցախցիների անվտանգ վերադարձի և բոլոր իրավունքի պաշտպանության խնդիրները։ Պետք է ներդնի բոլոր ջանքերը հայ ռազմագերիներին, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը պետք է ավարտվի հաշտության պայմանագրի կնքումից և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս բերելուց հետո։
«Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս գալով։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայամնագրի ստորագրումից անմիջապես հետո՝ ՀՀ սահմանադրության և օրենսդրության համապատասխան, ինչպես նաև միջազգային չափանիշներին և սկզբունքներին համապատասխան հստակ քարտեզներով, ոչ թե ինչպես հիմա է՝ աչքաչափով, մարդկանց տները մեկ օր ավիրելով, մյուս օրը՝ կողքից անցնելով»,- ասել է նա։
Ըստ Գալստանյանի՝ ժամանակավոր կառավարության վարչապետը պետք է կազմակերպի ընտրություններ՝ «առանց դրանց մասնակցելու հավակնություններ ունենալու»։
Նրա խոսքով՝ խնդիր կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնման գործում, սակայն մանրամասներ չի հրապարակել. «Ազգային ժողովում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին, որի իրականացման ուղղությամբ, կարող եմ ասել, կարևոր արդյունքներ ունեցել ենք, և սա զարմանալի չէ, որովհետև դուք կաք, նայեք ձեզ և ձեր շուրջը և դուք այն ուժն եք, որի հետ անհնար է հաշվի չնստել»։
Նա ևս մեկ անգամ կոչ է արել վարչապետ Փաշինյանին հրաժարական տալ և հայտարարել է, որ սա «վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով» հեռանալու և դրա համար նա քիչ ժամանակ ունի։