Բաքվի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի մայիսի 15-ի կայացրած վճիռը, որով Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվում էր հինգ ամսով, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Հունվարի 25-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։