Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում ժամանակակից Հայաստանում տիրող իրավիճակը համեմատել է 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի հետ: Նա մեր օրերն անվանել է «ազգային գիտակցության» ժամանակաշրջան և կոչ արել քաղաքացիներին ընտրություն կատարել՝ «լինել արժանի՞, թե՞ նզովքի արժանանալ»։
«Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա Հայաստանի իշխանություններին հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու քաղաքականության մեջ է մեղադրել։ Ընդգծել է, որ այդ քաղաքականության մեջ բացակայում են շահերն ու վտանգները գիտակցելու գործոնները։
«Հավերժ փա´ռք բազում այն երախտավորներին, ովքեր անձնուրացաբար կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին, հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը: Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանն ուղիղ նայելու և գործելու խիզախություն»,- ասված է Սարգսյանի ուղերձում։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս շնորհավորել է տոնի առթիվ։
«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ»,- գրել է Քոչարյանը։
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրն է։ Հանրապետության օրվա տոնակատարությունները համընկնում են Սարդարապատի ճակատամարտի տարեդարձի հետ (տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29-ը): Ճակատամարտում հայ զինվորներն օսմանյան բանակին դուրս էին մղել Հայաստանից։