Սարդարապատի հուշահամալիրում միջադեպ է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղեկցող հոգևորականների և ոստիկանների միջև։
Ըստ «Ազգային ճակատի»՝ ոստիկանները շղթա են կազմել ու թույլ չեն տվել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։
Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութում՝ մի խումբ հոգևորականների ուղեկցությամբ Գարեգին Բ-ն փորձում է հուշահամալիրին մոտենալ, սակայն ոստիկանները նրա ճանապարհը փակում են։ Տեսանյութից պարզ չի դառնում, թե ի վերջո կաթողիկոսը անցնո՞ւմ է ոստիկանական պատնեշը, թե՞ ոչ։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ՝ ճշտելու միջադեպի մանրամասները։
Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել է, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։
«Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. Սարդարապատի հուշահամալիրից հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը»,- գրել է նա` չնշելով, թե ով է նման բան արել։
Գալստանյանը մայիսի 27-ին հայտարարել էր, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու և հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար: Քաղաքացիները հավաքից հետո, ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթով շարժվել են Երևան։ Գալստանյանը լրագրողներին հայտնել է, որ մայիսի 28-ին հանրահավաք չի նախատեսվում, իսկ առաջիկա ծրագրերի մասին կտեղեկացնեն։
Միայն Գալստանյանի՝ Երևան վերադարձից հետո է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Սարդարապատ՝ առաջին Հանրապետության տոնական միջոցառմանը մասնակցելու։