Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահը հիմք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Պետրոսյանը Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան բնակիչների կողմից արգելափակված առանց պետհամարանիշի մեքենայի մեջ էր գտնվում։ Այդ օրը Տավուշում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ Կիրանց գյուղի ճանապարհը փակած ցուցարարների միջև։ Ցուցարարները հրաժարվել էին թույլ տալ մեքենաներին անցնել։ Ըստ ցուցարարների՝ մեքենաների մեջ էին գտնվել սահմանագծման շրջանակներում քարտեզագրական չափումներ իրականացնող խմբի անդամներ։
Վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի մեկ այլ հրամանագրով Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին: