Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա այսպես է մեկնաբանել մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանները փակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ճանապարհը և թույլ չէին տվել մուտք գործել տարածք՝ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալը։
Նա մանրամասներ է հայտնել միջադեպի մասին՝ նշելով, որ ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդի եպիսկոպոսական տարբերանշանը, անհարգալից վերաբերմունք դրսևորել կաթողիկոսի նկատմամբ։
«Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Գարեգին 2-րդի և հոգևոր հայրերի նկատմամբ»,- նշել է նա:
Թաթոյանը հայտնել է, որ ոստիկանները կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, որից հետո հոգևորականներն ստիպված էին ոտքով մոտենալ հուշահամալիրին և բախվել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի: Թաթոյանի խոսքով՝ ՀԱԵ-ի ներկայացուցիչները փորձել են ճշտել արգելքի պատճառը, սակայն պատասխան չեն ստացել։
Թաթոյանն «ամոթալի» է որակել իշխանական լրատվամիջոցներով տարածվող այն տեղեկությունը, թե իբր կաթողիկոսը սադրանքի նպատակով է այդ ժամին գնացել Սարդարապատի հուշահամալիր։
«Իրականում՝ նախատեսված է եղել, որ Վեհափառը Սարդարապատի հուշահամալիր այցելի պատարագից հետո՝ ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ կառավարությունից Մայր Աթոռին տեղեկացրել են, որ կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10։00-11։00-ի սահմաններում»,- ընդգծել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը:
Նա հիշեցրել է 2018թ. հուլիսին Գնդեվանքում կաթողիկոսի վրա հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները և շեշտել, որ այդ արարքները բնույթով նույնն են՝ «պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվել են ոստիկանական համազգեստով անձանցով»:
«Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում է, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիրի տարածք։
Մայիսի 28-ին ոստիկանները փորձել էին խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։
Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիր Գարեգին Բ-ի մուտքը ոստիկանների կողմից խոչընդոտելը Մայր Աթոռն անվանել էր իշխանությունների «ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրսևորում»։