Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մեկնաբանել է մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու միջադեպը։ Ոստիկանների՝ կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը Փաշինյանը բացատրել է այն հանգամանքով, որ նրանք պարզապես «փորձել են ճշտել Վեհափառի այցի նպատակը»։
«Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը («Տավուշը հանուն հայրենիքի»-խմբ․) մայիսի 27-ին, նաև 28-ին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ է կատարել։ Մայիսի 28-ին Վեհափառը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, որին մասնակցելու հրավեր չի ունեցել, տեղեկություն չենք ունեցել նաև, որ հրավեր է ակնկալում։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ Վեհափառը եկել է իր կողմից ղեկավարվող քաղաքական շարժման գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ ճշտելուց հետո ոստիկանները թույլատրել են հոգևորականների մուտքը հուշահամալիր։
«Տրվել են հավաստիացումներ, որ այցն արարողակարգային նպատակ ունի, որից հետո ապահովվել է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամաիր՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- շեշտել է նա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ «եկեղեցու դեմ արշավ չկա»։
«Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի»,- եզրափակել է վարչապետը։
Մայիսի 28-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձել խոչընդոտել կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։ «Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում էր, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիր։ Մայիսի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունների վերաբերյալ հանդիպում է պահանջել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախարարը պատրաստ է «այլ ֆորմատով» հանդիպման, բայց հանդիպում տեղի չի ունեցել։
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում։