ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացրել է ՊՆ-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում։
Ըստ հաղորդագրության՝ նրանք պայմանավորվել են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Պապիկյանը գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ մայիսի 29-ին Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին: Նա հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: