ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
Ըստ ԱԳՆ-ի՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ։
Իրանական կողմն, իր հերթին, ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ:
Կողմերը շեշտել են նաև մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։