Ռուսաստանը խոստացել է օգնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից վնասված երկաթուղին վերականգնելու աշխատանքներում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մայիսի 30-ի նիստում։
«Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը շատ կարևոր է»,- նշել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 29-ին շփվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ և համաձայնություն ձեռք բերել։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի մյուս գործընկերները ևս օգնելու պատրաստակամություն են հայտնել։
«Կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք այսպիսի հանգամանքներում կարող են գործարկվել։ Եվ կան կոնկրետ գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել և, հատկապես, կան գործընկերներ, որոնք ժամանակավոր մոդուլյար կամ մոդուլյարատիպ կամուրջների հարցում են պատրաստակամություն հայտնել»,- ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հստակեցնել, թե Հայաստանն ինչպիսի օգնություն կարող է խնդրել միջազգային գործընկերներից։ «Այս հարցում մենք հույսը դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա»,- ասել է Միրզոյանը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ ընդհանուր շուրջ 2 կիլոմետրի են հասնում աղետի հետևանքով երկաթուղու վնասված հատվածները։
«Բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգման համար»,- նշել է նա:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։