Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում խցանված դիտահորերից կոյուղաջրերն արտահոսում են՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ, հայտնել է Shamshyan.com-ը՝ հրապարակելով տեսանյութ։
Ինչպես կայքին հայտնել են բնակիչները՝ այդ վիճակը պահպանվում է արդեն տևական ժամանակ։ «Նկարահանե՛ք, թող ամբողջ Հայաստանում խայտառակ լինեն (պատասխանատու մարմինները-խմբ․)»,- ասել են նրանք ֆոտոլրագրողին։
Ինչպես երևում է կայքում հրապարակված լուսանկարներից, կոյուղաջրերը հոսում են փողոցի երկայնքով, թղթակցի խոսքով՝ մի քանի կմ երկարությամբ։
«Անցյալ շաբաթ փողոցը փակել էին, թե՛ քաղաքապետն էր եկել, թե՛ հեռուստաստուդիայից եկան, նկարեցին, թե՛ «Վեոլիա ջուր»-ից եկան, ոչ մի բան էլ չփոխվեց, էլի նույն պատմությունը»,- ասել է սևանցիներից մեկը։
Մեկ այլ բնակիչ պատմել է, որ ինքնուրույն կարմիր ժապավեններ է կապել, որ մարդիկ չընկնեն դիտահորի մեջ, նաև փոքրիկ հողից պատնեշեր է ստեղծել, որ կոյուղաջուրը չլցվի մայթեզրերի խանութներ։
Բնակիչները նաև նշել են, որ փողոցում խոշոր որդեր են սողում, ինչը տհաճություն է պատճառում քաղաքացիներին։
Ըստ տեսանյութի կադրերի՝ փողոցի որոշ շենքերի բակերի մուտքերն ընդհանրապես անանցանելի են՝ մի քանի սմ բարձրությամբ ջրի հետևանքով։
Armenia Today-ը հարցում է ուղարկել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին՝ նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ իմանալու համար։