Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը պարտքի մարումից հետո երեկ` մայիսի 30-ի առավոտյան, Հայաստանում վերսկսվել է, Armenia Today-ին հաստատեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսնակ Լուսինե Մովսիսյանը։
«Հենց գումարը փոխանցվել է ՀՀՌՑ-ի հաշվին, հեռուստաալիքի սփռումը վերականգնվել է»,- ասաց Մովսիսյանը։
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցնելու մասին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր մայիսի 28-ին։
Ապրիլի 15-ին Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։