ՌԴ-ն հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ 2023 թվականի աշնանը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր ռուսաստանյան աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:
«Նա անձամբ է խնդրել Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը: ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանը ևս դեսպանի փոփոխություն է կատարելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն իրենց թեկնածուին կմերժեն»,- նշել է թերթը։
Ըստ ԶԼՄ-ի՝ եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, Արսենյանը կարող էր վայր դնել մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանի որ դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից, հատկապես` տնտեսության ոլորտում: «Այս քայլով Փաշինյանը նաև դա կանխեց»,- նշել է լրատվականը:
ԶԼՄ-ն պարզաբանել է նաև, որ այս ամենը չի նշանակում, թե վաղն Արսենյանն արդեն կմեկնի Մոսկվա․ մի շարք ընթացակարգեր կան։
«Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց ժամանակ տալ` կիսատ գործերն ավարտելու, անձնական հարցերը կարգավորելու համար: Օրենքն արգելում է մի դեսպանի վերադարձը չկազմակերպած` նոր դեսպանի մեկնումը դեսպանընկալ երկիր: Այնպես որ, Արսենյանի մեկնումը կարող է 1-2 ամիս տևել»,- հավելել է թերթը:
2023 թվականի օգոստոսի 3-ին մամուլը գրել էր, որ հայկական կողմը պատրաստվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Հոկտեմբերի 24-ին Արսենյանը հերքել էր իր ագրեմանի հաստատումը մերժելու լուրերը։
Գործող դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին, մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։