Մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր տարաձայնություններ է ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, հայտնել է «Ժողովուրդ»-ը:
Ըստ թերթի՝ նրանցից շատերը թե՛ առանձին զրույցներում, թե՛ նիստերի ժամանակ դժգոհություն են հայտնել միջադեպի կապակցությամբ և հասկացրել, որ կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը քայլ էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ:
«Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ և դա համարում է քայլ՝ ընդդեմ Հայոց եկեղեցու»,- նշել է թերթը:
Ըստ լրատվականի՝ ՔՊ անդամներն այս մասին խոսում են «մտերմիկ զրույցներում», իսկ հրապարակավ՝ հակառակ դիրքորոշում են հայտնում։
Մայիսի 28-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձել խոչընդոտել կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։ «Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում էր, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիր։
Մայիսի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունների վերաբերյալ հանդիպում էր պահանջել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ նախարարը պատրաստ է «այլ ֆորմատով» հանդիպման, բայց հանդիպում տեղի չէր ունեցել։
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։