ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը՝ շնորհավորական ուղերձում հույս հայտնելով, որ ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն զարգանալ։
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ասված է ուղերձում։
Պուտինը նաև գործընկերոջը մաղթել է առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ՝ պետական գործունեության մեջ։
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ:
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ «Ռուսական երկաթուղիներին» տրված հանձնարարականի համար:
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը ևս շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ գոհունակությամբ հայտնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացման վերաբերյալ։
«Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է Միշուստինի ուղերձում։
Մայիսի 31-ին ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել էր, որ ՀՀ-ի՝ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար է հատկացնում։