«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Civic․am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ գործի՝ Գալստանյանը պահանջել է պարտավորեցնել Լևոնյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ նույն եղանակով, ինչ այն տարածվել է»։
Գործի նկարագրության մեջ նշված է, որ Գալստանյանը՝ որպես հայցվոր կողմ, զրպարտություն է համարել Լևոնյանի կողմից իր ֆեյսբության էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ինչպես նաև ՔՊ-ին պատկանող Civic.am լրատվական կայքի յութուբյան ալիքում հետևյալ պնդումները։
Նա, մասնավորապես, լրագրողին պահանջ է ներկայացրել հերքել այն հայտարարությունը, թե Գալստանյանն «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է տանում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
«Դատալեքս»-ում նշված է նաև, որ հայցը դատարան է ներկայացվել մայիսի 24-ին, իսկ մայիսի 27-ին մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի կողմից։