Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը թեև աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, սակայն գաղտնի շարունակում է աշխատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար՝ շարժման դեմ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան աղբյուրին։
Ըստ թերթի՝ Բաբայանը ՀՀ իշխանությունների հետ իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով Գալստանյանի վերաբերյալ հերյուրանքներ են տարածում և համոզում արցախցիներին, որ ո՛չ շարժումն է Արցախի ու արցախցիների մասին, ո՛չ էլ դրա հաղթանակից իրենք կարող են օգտվել։
Թերթի պնդմամբ՝ Բաբայանն ինքն էլ հարցազրույցներում քննադատում է իշխանություններին, սակայն միևնույն ժամանակ հայտարարում է, որ ներքաղաքական ճգնաժամի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
«Նրա խոսքով՝ եթե շարժումը փողոցով չի կարողանում դրան հասնել, պետք է ընդդիմադիրները վայր դնեն մանդատները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու քաղաքագիտական միակ միջոցն ընտրություններն են»,- գրել է թերթը՝ հավելելով, որ եթե ընտրությունների կազմակերպիչը լինում է իշխանությունը, ապա պարզ է, որ այն ավարտվելու է իշխանության հաղթանակով։
ԶԼՄ-ները մարտին հայտնել էին, որ Բաբայանն առաջիկա ընտրություններին մտադիր է հանդես գալ ընդդիմադիր դաշտում։ 2023թ․ դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել», և կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել էր արտահերթի թեմային՝ չբացառելով 2024թ․ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։