Ագրեմանի հաստատման ու չհաստատման գործընթացը գաղտնապահական գործընթաց է, և որևէ հանրային արձագանք չի լինելու, ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պարզաբանելով ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ագրեմանը հաստատելու մասին հարցը։
Նա նշել է, որ գործընթացը մինչև վերջ գաղտնի կպահվի։ «Կհրապարակվի, երբ կհրապարակվի։ Ու այդ գործընթացը կավարտվի»,- ասել է նա։
Կարապետյանն ասել է, որ Արսենյանի հետ երկարատև քննարկումն ԱԺ-ում կապված է իրենց մտերիմ հարաբերությունների հետ։
«Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ աշխատանքային և ոչ աշխատանքային հարցերով»,- ասել է նա։
ԶԼՄ-ն հունիսի 1-ին հայտնել էր, որ ՌԴ-ն հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ 2023 թվականի աշնանը։
2023 թվականի օգոստոսի 3-ին մամուլը գրել էր, որ հայկական կողմը պատրաստվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Հոկտեմբերի 24-ին Արսենյանը հերքել էր իր ագրեմանի հաստատումը մերժելու լուրերը։
Գործող դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին, մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։