ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն՝ աշխարհում Ադրբեջանի դերը կփոխվի, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայդենի նամակում, որն ընթերցվել է Կասպից ծովի նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնի կողմից հայ-ադրբեջանական բանակցությունների և տարբեր սկզբունքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին աջակցելու մասին:
«ԱՄՆ-ն շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ։ Ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, ինչպես նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նշվում է նամակում։
Բայդենը նաև աջակցել է առաջիկա ամիսներին Երևանի և Բաքվի կողմից հարաբերությունների խորացման ուղղությամբ ծրագրված քայլերին:
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էր արել 200 մլն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։